Նամակագրության ժանրը միշտ համարել եմ մարդու անձնական ազատության դաշտ, որտեղ պետք է լինեն երկուսը՝ գրողը և հասցեատերը: Միշտ վերապահությամբ եմ վերաբերվել բաց նամակներին ու հրապարակային նամակագրությանը՝ համարելով միակողմանի. դու կարդում ես կողմերից միայն մեկի տեսակետը փաստի կամ իրադարձության մասին, որ չի կարող հավակնել ոչ ճշմարտության, ոչ ամբողջականության: Գերհասանելիության մեր ժամանակներում թվում էր՝ նամակագրության ժանրը պիտի մեռներ, երբ կապի տարբեր միջոցներն ապահովում են «տետ ա տետ» շփման հնարավորությունը, ուստի՝ ցանկացած հարցի լուծման արդյունավետությունն ու արագությունը: Բայց ժանրն ապրում է ու նորանոր դրսևորումներ ձեռք բերում՝ դառնալով ոչ այնքան շփման միջոց, որքան հրապարակախոսության ու մեղադրականի: Ցավոք՝ պահպանելով միակողմանիության որակները: Ասպարեզում Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նոր նամակն է ու նամակի արձագանքները: Երջանկահիշատակ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանից հետո Երուսաղեմի պատրիարքական աթոռի նոր գահակալից սպասումները մեծ էին ոչ միայն Երուսաղեմում ու Հայ առաքելական եկեղեցում: Սուրբ երկրում Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական այս աթոռը դարերի պատմություն ունի և բազում խնդիրներ: Սաղեմահայ համայնքը նոր պատրիարքից սպասում էր, որ նա, բացի եկեղեցական սպասավորությունից՝ ձեռնամուխ կլինի համայնքային կյանքի խնդիրների լուծմանը՝ հայկական դպրոցների ու հայապահպանության, հայ մանուկների շուրթերին հայերեն խոսքի պահպանման, մշակութային կյանքի զարթոնքի, աշխատատեղերի ստեղծման: Երուսաղեմի հայ համայնքը նոսրանում է՝ աշխատանք չգտնելու, նյութական ու բարոյական չլուծվող խնդիրների պատճառով: Պատրիարքը կարող էր ու պարտավոր էր ստանձնել ամեն ինչով պատրիարքարանին մշտապես աջակցած ու պատրիարքարանից աջակցություն ակնկալող հայերի հոգևոր հովվի ու աշխարհիկ հովանավորի դերը: Ի վերջո, դա ոչ միայն նրանց, այլև բուն իր խնդիրն է՝ հանուն պատրիարքարանի դիրքի պահպանության: Պատմական ճակատագրով Հայ առաքելական եկեղեցին ունի կաթողիկոսական ու պատրիարքական աթոռներ: Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը Հայաստանյայց առաքելական Սուրբ Եկեղեցու վարչական կառուցվածքի մաս են, ունեն տեղական ինքնակառավարում ու ընդունում են Ամենայն Հայոց Կաթողիկոսության գերիշխանությունը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսությունը գլուխն ու ղեկավարն է ընդհանուր նվիրապետության, մյուս աթոռների նկատմամբ նախամեծար է ու նախաթոռ։ Սա՝ իբրև պատմական փաստ: Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հիմնադրվել է 7-րդ դարում: Աթոռանիստը Սրբոց Հակոբյանց վանքն է: Երուսաղեմում հայերը հայտնվել են քրիստոնեության տարածման առաջին դարերից: Արդեն 4-րդ դարում Երուսաղեմում կային հայկական վանքեր ու եկեղեցիներ: Սիոն լեռան վրա հիմնվել էր Սրբոց Հակոբյանց վանքի միաբանությունը, առաջին Հայրապետ ունենալով Հակոբոս Տյառնեղբորը: Կոստանդնուպոլսի Բ. Տիեզերական ժողովի (381) որոշմամբ Երուսաղեմի եպիսկոպոսությունը դարձել էր պատրիարքություն: Պատրիարքը վարչական անվանում է, որ քաղաքական իշխանությունները տվել են Երուսաղեմի Հայոց արքեպիսկոպոսներին` նրանց ինքնավարությունը, այլ եկեղեցական աթոռներից անկախ լինելը հաստատելու և Երուսաղեմի հայկական վանքերի ու եկեղեցիների գործերը տնօրինելու համար: ՈՒ այդպես է մինչև այսօր:
Դարերի պատմությանը չանդրադառնալով՝ միայն արձանագրեմ, որ Երուսաղեմի հայոց առաջին Պատրիարք Աբրահամը (638-669) մեկնել է Մուհամեդ մարգարեի մոտ ու նրանից ստացել հավաստագիր, որով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունն անջատվել է հունականից: Հայոց սեփականություն են ճանաչվել Սրբոց Հակոբյանց վանքն իր կալվածքներով, Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան Տաճարի մի մասը, Ձիթենյաց լեռան ստորոտին գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, Գողգոթայի բարձունքը: Եթովպական, ղպտիական ու ասորական եկեղեցիները գտնվել են Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հոգևոր իշխանության ներքո: Պատրիարքությանը տրվել է զանգ հնչեցնելու իրավունք: Իրար հաջորդած բոլոր իշխանությունները (արաբների, խաչակիրների, մամլուքների, օսմանյան, բրիտանական, հորդանանյան, իսրայելական) վերահաստատել են հույների և լատինների հետ հայերի հավասարազոր իրավունքները Երուսաղեմի և Սուրբ Երկրի քրիստոնեական սրբատեղիների նկատմամբ: 1187-ին Եգիպտոսի սուլթան Սալահեդդինը գրավել է Երուսաղեմը` վերջ տալով խաչակիրների իշխանությանը: Սալահեդդինը վերահաստատել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Աբրահամ Երուսաղեմցու (1180-1191) ներկայացրած քրիստոնեական սրբավայրերի նկատմամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության իրավունքները և տարածել խաչակիրների մի քանի եկեղեցիների ու վանքերի վրա: 1702-ին Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ավետիք Եվդոկացին զբաղեցրել է Հայոց Պատրիարքության աթոռը, և մինչև 1715-ը Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կառավարել են Կ. Պոլսից նշանակված փոխանորդները: Պատրիարքությունն ընկել է պարտքերի տակ: Գրիգոր Շղթայակիր Պատրիարքը (1715-1749) մարել է պարտքերը: 1833-ին Սրբոց Հակոբյանց վանքում բացվել է տպարան. այստեղ են տպագրվել Հովհաննես Դրասխանակերտցու «Պատմութիւն Հայոց» (1843), Եսայի Հասան-Ջալալյանի «Պատմութիւն Աղուանից երկրի» (1868) և այլ նշանավոր գրքեր: Հայոց Պատրիարքարանն է ֆինանսավորել տղաների Մեսրոպյան ու աղջիկների Գայանյանց վարժարանները: 1843 թ. Ռեմլեում (Ս. Գևորգ վանքում) Զաքարիա Կոփեցի պատրիարքը բացել է Ժառանգավորաց վարժարանը, որը հաջորդ տարի փոխադրվել է Երուսաղեմ ու գործում է մինչև այսօր Պատրիարքարանի տնօրինության ներքո: 1928-ին Եղիշե Դուրյան պատրիարքը բացել է Սրբոց Թարգմանչաց վարժարանը, նրա առաջարկով էլ անվանակոչվել է ի հիշատակ Ս. Մեսրոպ Մաշտոցի ու Ս. Սահակ Պարթևի: Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը միշտ պայքարել է սրբատեղիների հանդեպ հույների ու լատինների ոտնձգությունների դեմ: Օսմանյան կայսրության թուլացմանը զուգընթաց փոխվել է քաղաքական կացությունը, օտար տերությունները, միջամտելով կայսրության ներքին գործերին, Երուսաղեմի սրբավայրերի վրա իրավունքների հարցում պաշտպան են կանգնել հույներին ու կաթոլիկներին: Հունական պատրիարքությանը զորակցել է Ռուսաստանը, լատիններին` Արևմուտքը: Հույներին նույնիսկ հաջողվել է տիրանալ Սրբոց Հակոբյանց վանքին, Կ. Պոլսի հայ ամիրաների նյութական ու քաղաքական օգնությամբ հայերը արագ վերադարձրել են վանքը: Հակառակ անհավասար պայքարին, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կարողացել է պաշտպանել հայոց իրավունքները Հույն ու Լատին երկու մեծ Եկեղեցիների ու նրանց պաշտպան տերությունների ոտնձգություններից: Երուսաղեմի համաքրիստոնեական երեք գլխավոր սրբատեղիների երեք ավագ պահապանները` Հայ, Հույն ու Լատին Եկեղեցիները, 1917 թ., երբ Երուսաղեմն անցավ բրիտանական հովանու ներքո, պաշտոնապես հաստատվեցին Երուսաղեմի Ս. Հարության տաճարի ու Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի երեք իրավատերեր: Սահմանվեցին յուրաքանչյուրի իրավունքները, բաժինները, պաշտամունքի օրերը ու ժամերը, յուրաքանչյուր տեղի սրբազան իրերի քանակը, սրբատեղիների պատասխանատվությունը: Հայերը կաթոլիկ ու ուղղափառ պատրիարքարանների հետ պահպանեցին համահավասար իրավունքներ: 1929-ին Երուսաղեմի բրիտանական ներկայացուցիչը կառավարությանն է ներկայացրել «Սրբատեղիների իրավական վիճակը» վավերաթուղթը, որտեղ արձանագրված են յուրաքանչյուր քրիստոնյա համայնքի իրավունքները: Մինչ օրս պահպանվում է իրավական այդ վիճակը: Պատկերացրի՞ք՝ ի՞նչ է հայ Երուսաղեմը, և ի՞նչ պիտի աներ Երուսաղեմի հայ պատրիարքը: Թվարկածս խնդիրների 1/100 մասն է միայն: Պատրիարքը Սրբոց Հակոբյանց վանքի հոգևոր ու վարչական պետն է, Երուսաղեմի քաղաքական իշխանությունների առջև հայ համայնքի ներկայացուցիչը: Սրբոց Հակոբյանց միաբանության ընդհանուր ժողովով ընտրված պատրիարքին հաստատում են Հորդանանի, Պաղեստինի ու Իսրայելի իշխանությունները և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Փաստորեն, պատրիարքը հոգևոր ու աշխարհիկ իշխանություն ունի: Ցավոք, Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, որ ծնվել է Հալեպում` 1948-ին, և 1966-ին ընդունվել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարանը, 1968-ին ձեռնադրվել սարկավագ, 1971-ին կուսակրոն քահանա` վերակոչվելով Նուրհան աբեղա, իսկ 1971-1972-ին ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչն էր, հետո էլ տեսուչը, մոռացել է, թե պատրիարքական այն աթոռը, որի գահակալ ինքն ընտրվել է, ինչ խնդիրներ ունի: 1972-1973-ին Շվեյցարիայի հայոց թեմի հոգևոր հովիվ եղած և 1973-ին վարդապետական աստիճան ստացած հոգևորականը 1974-1980-ին Յաֆայի հոգևոր հովիվն էր: Գոնե այդ տարիների ծառայությունը նրան պիտի իր առաքելության բուն նպատակները պարզած լիներ: Չի պարզել: Թեպետ նաև 1980-ին մեկնել է Նյու Յորք, ուսանել եպիսկոպոսական Ընդհանուր աստվածաբանական ճեմարանում ու ավարտել եռամյա դասընթացը ու մեկ տարի՝ 1994-ին եղել է Հյուսթոնի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ և վերադարձել է Երուսաղեմ: 1998-ին ընտրվել է Երուսաղեմի Սուրբ Աթոռի լուսարարապետ: 1999-ի դեկտեմբերի 14-ին ձեռամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի ձեռնադրվել ու օծվել է եպիսկոպոս: 2009-ին Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը Նուրհան արքեպիսկոպոսին նշանակեց պատրիարքական փոխանորդ, և նախքան ընտրությունը նա պատրիարքարանի գործերի կառավարիչն էր:
Ի՞նչ կատարվեց, որ պատրիարք ընտրվելուց հետո Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, որ փայլուն, գործով ու կյանքով գիտի ոչ միայն սաղեմահայության, այլև ողջ Իսրայելի հայության խնդիրները, որոշեց, որ դա չէ իր գործը: Նա որոշեց զարկ տալ նամակագրական ժանրին, հրապարակային նամակագրությանը: Պատրիարքի հերթական նամակի բովանդակային մանրամասների մեջ չմտնելով (նամակը շրջանառվում է կայքերում ու լավ հայտնի է)՝ ես ուզում եմ հասկանալ պատրիարքի վարած քաղաքականության պատճառները: Ակնհայտ է, որ այդ պատճառները կան ու իր համար գոնե ծանրակշիռ են, որ իրեն թույլ է տալիս բարձրաստիճան հոգևորականին անհարիր պահվածք, որի դրսևորումները ավելի ու ավելի են խորանում:
Սկսենք պատմականից։ Նուրհան արքեպիսկոպոսը Երուսաղեմի հայոց պատրիարքությունը վերացնելու և թեմ դարձնելու մտադրություն է վերագրում Ամենայն հայոց կաթողիկոսին: Նվիրապետական այդ աթոռի պատմությանը (որի միայն որոշ դրվագներ նշեցի) ծանոթ որևէ մեկի մտքով չի կարող անցնել, որ դա հնարավոր է և իմաստ ունի: Սուրբ երկրում հայկական ներկայության կարգավիճակ նվազեցնելը ոչ թե պատրիարքի կարգավիճակի նվազեցում է, այլ Երուսաղեմում հայոց պատմության, հայոց ներկայի ու ապագայի, Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի: Նուրհան արքեպիսկոպոսը նման մտադրություն եթե որևէ մեկին կարող է մեղսագրել, այդ մեկը Հայաստանում չէ: Այդ մեկը կարող է լինել Իսրայելի իշխանությունը, Հունաց պատրիարքը, հայապատկան կալվածքների ու հողերի, սրբավայրերի նկատմամբ հավակնություններ ունեցողը, բայց ոչ Ամենայն հայոց կաթողիկոսը, ով էլ նա լինի: ՈՒ դա նաև հարցի իրավական կողմն է:
Կա նաև քաղաքական-կուսակցական կողմը: Որևէ գաղտնիք չկա, որ հայ եկեղեցին տասնամյակներով ենթարկված է եղել միջկուսակցական բաժանումների պարտադրանքին: Այսօր էլ աշխարհի հայ համայնքներում հաճախ է պատահում, որ դաշնակցականները գնում են «իրենց» եկեղեցին, ռամկավարներն՝ «իրենց», հնչակյաններն՝ «իրենց»: Մեղմ ասած՝ անհեթեթ է, բայց ինքս եմ ականատես եղել, ու հաճախ լինելով արտասահմանում, շփվելով հայ համայնքի հետ, առիթ ունեցել եմ լսելու, թե «ճիշտը» որ եկեղեցին գնալն է, կամ՝ որ եկեղեցին՝ որ ժամին գնալը, երբ պատարագը մատուցում է այս ու այն կուսակցության քահանան: Դա ինձ միշտ թվացել է վայրենություն, առավել ևս, որ երբեմն այդ եկեղեցիները նույնիսկ հայապատկան չեն եղել: Քաղաքականությունը իր ապականիչ ներգործությունը եկեղեցուց ներս էլ է տարածել ու մարդկանց տրոհել ըստ կուսակցական պատկանելության, ֆինանսական շահերի ու խմբային պատկերացումների: Այդպես է լինում, երբ մարմինն է հոգուն թելադրում: Որ բարձրաստիճան հոգևորականները ևս դառնում են քաղաքական, կուսակցական, ֆինանսական մեծ ու մանրիկ խնդիրների լուծման միջոց, Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ոչ առաջին, ոչ վերջին զոհը կարող է լինել:
Կա մարդկայինը, որ բարձրաստիճան հոգևորականների պարագայում պարտադիր պիտի լիներ քրիստոնեավայել ու տասը պատվիրաններին նվազագույնը չհակասող: Մարդկային կողմը, սակայն, շատ ավելի դժվար ու ծանր շերտեր ունի, քան ընդամենը կարող են լինել միջանձնային հակասություններն ու տարակարծությունները, որոնք տարաձայնության են վերածվում ու դառնում հրապարակային քննարկման թեմա՝ լինելով բավականին առանձնահատուկ ու հասկանալու համար բավարար գիտելիքներ ու տեղեկացվածություն պահանջող: Հակառակ պարագայում դառնում են ընդամենը անարժան բանսարկություն ու անվայել հերյուրանք:
Ա. Մարդկային գործոնը ենթադրում է, որ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի անդուլ նամակագրության միջոցով իրականացվում է ընդհանրական ծրագիր՝ տրոհելու Հայ առաքելական եկեղեցին ու հայ սփյուռքը: Պատվիրատուները կարող են լինել թե ներքին, թե արտաքին ուժեր: Նման մեղադրանքը, սակայն, չափազանց լուրջ է, որպեսզի ներկայացվի սոսկ տրամաբանությունից ելնելով ու հնարավոր հետևանքներից դատելով՝ առանց կոնկրետ ապացույցների:
Բ. Մարդկային գործոնը ենթադրում է, որ Երուսաղեմի հայոց պատրիարքը փորձում է մարմնավորել ու գլխավորել Հայ առաքելական եկեղեցու բարենորոգության շարժում՝ ըստ իր պատկերացումների ու պատվերի, որը այս փուլում դրսևորվում է որպես կոնկրետ պայքար Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ՝ իբրև վճռական արգելքի ու պատվարի, նման անհեռանկար ու իրապես անարժան գործի համար:
Գ. Մարդկային գործոնը ենթադրում է, որ Երուսաղեմի հայոց պատրիարքը պարզապես լուծում է անձնական՝ միայն իրեն հայտնի կամ մարդկանց մի խմբի հայտնի խնդիրներ, որոնց իրական պատճառների բարձրաձայնումը ինքը ևս համարում է անիմաստ ու որոնք սքողում է մեղադրանքների տարափով՝ չխորշելով զրպարտությունից ու զազրախոսությունից առ Էջմիածնապատկան ամենայն ինչն ու ամեն ոք: Ասեկոսեները, նեղանձնական շահերի բախումը, երես առ երես հանդիպման Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի անպատրաստությունը ու մշտական խուսանավումները թե պատճառ, թե հետևանք են այս պարագայում ստացված վիճակի:
Դեկտեմբերի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովը, ի շարս այլ հարցերի՝ անդրադարձավ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակին և հայտարարեց. «Մեր մտահոգությունն ենք հայտնում Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի անունով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակի առնչությամբ, որն օրեր առաջ տարածվեց համացանցով: Գերագույն Հոգևոր Խորհուրդն անընդունելի է համարում Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որդեգրած ընթացքը, ով եկեղեցականին անհարիր բառապաշարով ու ոճով ստվերում է պատրիարքի բարձր հանգամանքը, հարված հասցնում Հայ Եկեղեցու վարկին և եկեղեցականության հեղինակությանը և փորձում անվանարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Եկեղեցական Ներկայացուցչական ժողովի անդամներին և եպիսկոպոսաց դասին: Ցավալի է, որ Պատրիարքի կողմից շրջանառության մեջ են դրվում հորինված մեղադրանքներ, մասնավորաբար Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից Երուսաղեմի Պատրիարքությունը թեմի վերածելու վերաբերյալ»: Գերագույն Հոգևոր Խորհուրդը հորդորեց արքեպիսկոպոսին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին պատրիարքական բարձր հանգամանքից ակնկալվող ողջախոհությամբ անդրադառնալ Իջման Ս. Սեղանի առջև կատարած իր հավատարմության ուխտին առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Ամենայն Հայոց Հայրապետը` լծվելով իր առաքելության իրականացմանը: «Օրինակ եղիր հավատացյալներին քո խոսքով, վարմունքով, սիրով, հավատով և մաքուր կենցաղով» (Ա Տիմ. Դ 12) և իր բարձր գնահատանքն արտահայտեց ու զորակցությունը Սրբոց Հակոբյանց միաբանությանը նվիրյալ իր ծառայության համար` հորդորելով «նախանձախնդիր նույն ոգով շարունակել պահպանել սուրբ տեղյաց հայոց իրավունքներն ի պայծառություն Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու»:
Պատմությունը կարելի էր այսքանով ավարտել, բայց դա կլիներ միայն մի նամակագրության մասնակի պատմություն, որովհետև գահակալության օրից Նուրհան արքեպիսկոպոսը զբաղված է նամակագրությամբ ու Երուսաղեմից դուրս հանգստանալով: Միաբանությունը պատրիարքին փոխարինում է ամեն տեղ ու ամեն ինչում՝ որքան կարողանում է: Լուռ ու մունջ: Իսկ գուցե պետք էր պատրիարքին ցույց տալ տպարանը, որի տեղը նա մոռացել է, և որը չի գործում, Սրբոց Հակոբյանց մայրավանքի թափված սալիկները, որոնք պետք է վերականգնել, հիշեցնել պաղեստինա-իսրայելյան շփման գծին սահմանող Ձիթենյաց այգիների մշակման ու պահպանության անհրաժեշտությունը՝ գոնե որպես նյութական միջոց, Ժառանգավորաց վարժարանի սաների կրթական ու կենցաղային խնդիրները: Իսկ գուցե պարզապես պետք էր տեղում բռնել պատրիարքի ձեռքը, երբ Ամենայն հայոց կաթողիկոսին նամակ է գրում ու տեղակայում համացանցում՝ հասցեատեր դարձնելով ինքն էլ չգիտի՝ ում, ու Աստծո դերը ստանձնած պատվիրաններ է տալիս՝ «Ժամանակը եկած է, Վեհափառ, որ Դուք պարտիք վերագտնել ձեր հոգեկան արժէքները, եթէ երբեւիցէ ունեցած էք, ապա թէ ոչ դուք եւս, դուք ձեզ հռչակէք կարգազուրկ եւ մեր Մայր Եկեղեցին փրկէք ամբողջական կործանումէ», և ասել՝ բավ է, գործովդ զբաղվիր, գործդ չգիտես՝ սովորիր, չես սովորել՝ դաս մի տուր: Կամ, որ ավելի ազնիվ է՝ ինքդ քեզ կարգազուրկ հռչակիր: Հռոմի պապն անգամ, երբ զգաց, որ չի կարողանում հովվապետել, կաթոլիկ գահից հրաժարվեց: ՈՒ՝ ոչինչ, կյանքը շարունակվում է՝ ոչ իր արժանիքներն են նվազել, ոչ նոր պապն է պատվազրկվել: Եթե Նուրհան արքեպիսկոպոսի պատրիարքական աջը ոչ ոք չի կտրում նամակագրական հույժ թատերական գործից, ուրեմն, իսկապես, գործընթացն ունի քաղաքական, կուսակցական ու անձնական պատվիրատուներ, որ ամենապատիվ պատրիարքին գործիք դարձրած՝ իրենց խնդիրն են լուծում: Միանշանակ՝ Հայ առաքելական եկեղեցու, հայ սփյուռքի ու հայության դեմ, հրաշալի հասկանալով, որ Ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր պաշտոն չէ միայն, որ հայոց եկեղեցու հովվապետին հասցված հարվածը հարված է Հայ առաքելական եկեղեցուն, հայոց պետականությանը, պետությանն ու անկախությանը: Եվ սրանք ոչ թե պաթետիկ խոսքեր են, այլ տիրոջ պատասխանատվություն իր տան համար, որտեղ օտարները յուրայիններին են դարձնում դավաճան: Վայել չէ: Ցավալի է: Անհեթեթ ու անպտուղ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ.- Անցյալ տարվա մայիսին բախտ ունեցա իբրև ուխտավոր լինելու Սուրբ երկրում: Նախքան մեկնումս էլեկտրոնային նամակներ էի ուղարկել պատրիարքարան՝ պատրիարքից խնդրելով հարցազրույց ու ներկայացնելով հարցերը: Ոչ մի պատասխան: Մտածեցի՝ ոչինչ, տեղվույն վրա խնդիրն ավելի հեշտ կլուծվի: Տեղվույն վրա, սակայն, Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, պարզվեց՝ ընդունում է Սուրբ Զատկի տոներին Երուսաղեմ եկած բոլոր ուխտավորներին, բացի Երևանից: Նա այդպես էլ ժամանակ չգտավ ոչ մեր խմբին, ոչ ինձ ընդունելու համար: Ես, որ պատիվ եմ ունեցել ի մոտո շփվելու և մի քանի հարցազրույց վերցնելու երջանկահիշատակ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանից (տպագրվել են «Երկիր Նաիրիում» ու «Հայաստանի Հանրապետութիւնում»), երբ երջանկահիշատակ Վազգեն Վեհափառի մահից հետո մայր Աթոռում կաթողիկոսական փոխանորդ էր ու նոր վեհափառի ընտրության աշխատանքներն էր կազմակերպում, որ երջանկություն եմ ունեցել միակ լրագրողը լինելու, ում կաթողիկոսական ընտրությունից մեկ օր առաջ հարցազրույց տվեց երջանկահիշատակ Գարեգին Ա վեհափառը (տպագրվեց «Հայաստանի Հանրապետութիւնում», մի քանի հարցազրույց ունենալու պատիվ եմ ունեցել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, ապա նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ (տպագրվել է «Երկիր Նաիրիում» ու «Հայաստանի Հանրապետութիւնում»), տասնյակ հարցազրույցներ եմ ունեցել հրաշալի ու հարգարժան, շատ բարձրաստիճան ու շատ արժանավոր հայաստանաբնակ ու օտարաբնակ հոգևորականների հետ, առաջին պահ զարմացա: Զարմացա, երբ մեղմաբար բացատրեցին՝ պատրիարքը խիստ զբաղված է, հազարավոր ուխտավորներ կան Կանադայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Մերձավոր Արևելքից, այլ երկրներից, ընդունելությունները ժամանակ են խլում, բայց խնդրանքս չերրորդեցի, երբ պարզ ասվեց, որ, միևնույն է՝ Երևանից ես, ուրեմն՝ չի ընդունի: Բնավ անկատար ուխտի զգացողություն չունեցա ու մայրավանքում Սուրբ Զատկի օրերին կազմակերպված միջոցառումների քանակն ու որակը հարգելով՝ հարգեցի և պատրիարքի՝ երևանցի լրագրողին չընդունելու վճիռը:
Հիսուս Քրիստոսը Երուսաղեմ մտել է Ոսկե դարպասներով, որ մինչև այսօր փակ են, որ հարություն առած Հիսուսը չկարողանա մտնել Սուրբ քաղաք, միջնադարից Ոսկե դարպասների առաջ հուղարկավորվել են խաչակիրներ ու զինվորներ, որ նրանց հոգիները կասեցնեն Հիսուսի ընթացքը: Տարօրինակ պատմություն է, չէ՞: Հիսուս Քրիստոսի վերջին ոտնահետքը երկրի վրա այսօր հայապատկան խոնարհված մատուռ է՝ մզկիթի տարածքում: Սա իմ ամենամեծ ցնցումն էր Սուրբ Երկրում, հատկապես երբ տեսա, որ առաքյալների հետ Հիսուսի վերջին ընթրիքի սրահն այսօր նաև մուսուլմանական սրբավայր է: Հետո հասկացա, որ Երուսաղեմում լինում են նման պատմություններ իր գոյության բոլոր ժամանակներում: Ոչինչ, Տերը բարեգութ է, կների մոլորյալներին, երբ ապաշխարեն: